կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը

Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը

Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող և Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ​​​​ընթացիկ ուղու պարտավորությունների կատարման կարևորությունը։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու հանձնառությունները պետք է պահպանվեն՝ առանց «եթե»-ների, «բայց»-երի կամ էլ արդարացումների։

«Առջևում սպասվող գործարքի համար այլ ճանապարհ չկա։ Դուք հնձում եք այն, ինչ ցանում եք», - հայտարարել է Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի ղեկավարի այս հայտարարությունը հնչել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից արված հայտարարություններից հետո, որով Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում կնքվելիք փոխըմբռնման հուշագիրը երբեք այնքան մոտ չի եղել ավարտին, որքան այժմ։

Նա հավաստիացրել էր, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամանակին: 

«Մինչև դրա ավարտը և վերջնական հաստատումը, լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ ենթադրություններ անելուց: Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ բոլոր մանրամասները կհրապարակվեն պատշաճ ժամանակին»,-հայտարարել էր Իրանի արտգործնախարարը:

 

  • Կիսվել: