չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կզարգանա. Մեջլիսի խոսնակ

Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կզարգանա. Մեջլիսի խոսնակ

Իրանի խորհրդարանի նախագահն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Թեհրանի համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծի ընդունման ֆոնին հայտարարել է, որ երկրի խաղաղ միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կզարգանա։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որը հրաժարվեց նույնիսկ դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, աճուրդի հանեց իր միջազգային հեղինակությունը, և այդ պատճառով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը կդադարեցնի իր համագործակցությունը Գործակալության հետ մինչև միջուկային օբյեկտների անվտանգության երաշխիքի ստացումը, և Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը առաջ կշարժվի ավելի արագ տեմպերով», - ասել է Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Իրանը հերքել է մեղադրանքները՝ պատասխան հարվածներ հասցնելով Իսրայելին։ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ՝ լույս հունիսի 22-ի գիշերը հարվածներ հասցնելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին։ Դրանից հետո Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս է հայտնել, որ Իրանը, հարվածելով Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային, «պարպել է զայրույթը», և այժմ հնարավոր է ճանապարհը դեպի խաղաղություն ու համերաշխություն Մերձավոր Արևելքում։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։

 

 

  • Կիսվել: