Իրանի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվն աճել է
Իսրայել-Իրան հակամարտության յոթերորդ օրը Թեհրանի կողմից Իսրայելի տարբեր շրջանների նոր հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 65 մարդ: Այս մասին հայտնել է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը (MDA- «Մագեն Դեյվիդ Ադոմ»):
Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության, 42-ն ունեն բեկորային վնասվածքներ, իսկ 18-ը վիրավորվել են ապաստարաններ տեղափոխվելու ճանապարհին: Շտապօգնության թիմերը շարունակում են որոնողական աշխատանքները տուժած տարածքներում:
Իր հերթին, Al Jazeera-ն հաղորդում է 137 վիրավորի մասին:
Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդել է, որ հունիսի 13-ին հակամարտության սկսվելուց ի վեր իրանական հարվածների հետևանքով զոհվել է 24 մարդ, վիրավորել 838-ը և մոտ 5000 մարդ տարհանվել են իրենց տներից։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ հիվանդներին սկսել են տարհանել «Սորոկա» հիվանդանոցից, որը վնասվել էր իրանական հրթիռային հարձակման հետևանքով։
Mehr լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թել Ավիվը խոստովանում է, որ իրանական հրթիռները թիրախավորել են «Սորոկա» հիվանդանոցի հարևանությամբ գտնվող կենսաբանական հետազոտությունների կենտրոնը։
Կենտրոնը համարվում է զգայուն անվտանգության գոտի, որն Իսրայելի ռեժիմը տեղակայել է «Սորոկա» հիվանդանոցի կողքին։
Իրանական կողմը նշում է, որ իսրայելական լրատվամիջոցները փորձում են միջադեպը ներկայացնել որպես հարձակում հիվանդանոցի վրա, սակայն «նախ՝ հիվանդանոցը վերափոխվել է վիրավոր իսրայելցի զինվորների բազայի, և երկրորդ՝ հրթիռային հարվածից այն միայն ցնցող ալիքների վնաս է կրել»։
«Իսրայելական ռեժիմը փորձում է շեղել ուշադրությունն Իրանի կողմից իր կարևորագույն ռազմավարական օբյեկտների վրա արձակված ծանր հրթիռային հարձակումից՝ հանրային քննարկումները կենտրոնացնելով հիվանդանոցների պատմության վրա», - նշում է գործակալությունը։