Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն կներկայացնեն Ուիթքոֆը և Քուշները
Իրանի հետ բանակցությունները կանցկացվեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը հարցականի տակ է։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեր կողմից կլինեն Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Ջեյ Դին` գուցե, չգիտեմ։ Դա անվտանգության հարց է»,-նշել է նա։
Թրամփը հավելել է, որ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում և «շատ շուտով»։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում:
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։


