Իրանի հարցում Վենսի և Նեթանյահուի տարաձայնությունները վերածվել են անձնական դժգոհությունների․ Axios
Դիվանագիտության և Իրանի դեմ ռազմական արշավը շարունակելու վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տարաձայնությունները վերածվել են անձնական հակամարտության։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Վենսը ցանկացել է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց անժամկետ պատերազմի մեջ ներքաշվելու, մինչդեռ Նեթանյահուն դեմ է եղել փոխըմբռնման հուշագրին։
«Նրանց միջև լարվածությունը հասունանում էր ոչ հրապարակային դաշտում։ Նեթանյահուն դժգոհ էր Վենսի հրապարակային քննադատությունից, իսկ Վենսն էլ կարծում էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Նեթանյահուին աջակցող ԶԼՄ-ներով վարչապետն իր համակիրներին հրահանգում է հարձակվել իր վրա ու թուլացնել քաղաքական հեղինակությունը», — նշված է հոդվածում։
Ինչպես նշում է պորտալը, Վենսը Նեթանյահուին մեղադրում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը տապալելու փորձերի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ ոչ բավարար հավատարմության մեջ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը փակ զրույցներում քննադատել է ռազմական հակամարտությունում Վենսի դերակատարումը։
Ըստ պորտալի տվյալների՝ երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում քաղաքական գործիչները առանձնազրույց են ունեցել՝ փորձելով ուղղակիորեն քննարկել կուտակված դժգոհությունները։ Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները զրույցը որակել են որպես ուղիղ և անկեղծ։
Նշվում է, որ նրանց միջև լարվածությունն ի հայտ է եկել դեռևս մարտին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, երբ Վենսը հայտարարել էր, թե պատերազմի ընթացքի վերաբերյալ Նեթանյահուի որոշ կանխատեսումներ չափազանց լավատեսական են եղել։
Բացի այդ, հունիսին Վենսը հրապարակավ նախազգուշացում էր տվել Իրանի հետ համաձայնությունները քննադատող իսրայելցի պաշտոնյաներին, իսկ հուլիսին նրանցից ոմանց մեղադրել էր Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ, հավելելով, որ այդպես նրանք փորձում են ԱՄՆ-ին ստիպել հրաժարվել դիվանագիտությունից և շարունակել պատերազմը։



