չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանի գլխավոր բանակցողը հրաժարական է տվել. աղբյուր

Իրանի գլխավոր բանակցողը հրաժարական է տվել. աղբյուր

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և դուրս եկել բանակցային խմբից, տեղեկացնում է իսրայելական N12 News հեռուստաալիքը:

Նշվում է, որ հրաժարականը ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Iran International պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանի ղեկավարության ներսում ծագած վեճերի պատճառով խափանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նպատակով իրանական պատվիրակության այցն Իսլամաբադ։

Ըստ պարբերականի՝ վեճերը տեղի էին ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կողմնակիցների միջև՝ վերջին պահին հանգեցնելով բանակցության չեղարկմանը:

«Թեմային ծանոթ աղբյուրների խոսքով՝ պատվիրակությունը պատրաստ է եղել մեկնել, երբ Խամենեիի շրջապատից հաղորդագրություն է ստացվել, որն արգելում էր քննարկել միջուկային խնդիրը, ինչպես նաև բանակցությունների նախորդ փուլի համար նկատողություն էր հայտարարում ԱԳՆ թիմին»,-գրել է աղբյուրը՝ հավելելով, որ արդյունքում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է, որ նման սահմանափակումների դեպքում բանակցությունների գնալն իմաստ չունի, և որևէ հաջողության հասնելու հնարավորություն չկա:

  • Կիսվել: