Իրանի բանակում պատմել են Մերձավոր Արևելքի երկրների ԱՄՆ բազաներին հասցված հարվածների մանրամասները
Իրանի բանակի ռազմաօդային ուժերն ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբում բազմաթիվ մարտական թռիչքներ են իրականացրել տարածաշրջանի երկրների թշնամական բազաների դեմ, ներառյալ՝ Իրաքի Էրբիլում տեղակայված հակաիրանական խմբավորման բազայի, ինչպես նաև Քուվեյթում և Քաթարում տեղակայված թիրախների դեմ, երեքշաբթի հայտնել է բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է Press TV-ն։
«Մեր ռազմաօդային ուժերը պատերազմի սկզբում մի քանի մարտական թռիչք իրականացրին և հարվածեցին հակառակորդի բազաներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հակահեղափոխական բազային Էրբիլում, ինչպես նաև Իրաքում, Քուվեյթում և Քաթարում»,- ասել է գեներալ Աքրամինիան։
Նա նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցներից մեկի վերջին հրապարակման մեջ դիտարկվել է F-5 կործանիչների իրականացրած գործողությունը, որը բնութագրվել է որպես հազվադեպ և որոշ առումներով աննախադեպ հաջողություն։
«Այս հաջող գործողության ընթացքում հնարավոր եղավ հաղթահարել պաշտպանության տարբեր մակարդակները, որոնք ամերիկացիներն այնտեղ ստեղծել էին, և հարված հասցնել ամերիկյան բազային»,- ասել է նա։
Իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչը նաև բարձր է գնահատել Իրանի ինտեգրված հակաօդային պաշտպանության ցանցի աշխատանքը, որի մեջ մտնում են բանակի և ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները, որոնք գործում են հակաօդային պաշտպանության ազգային շտաբի ղեկավարությամբ։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերն իրենց լավ են դրսևորել թշնամական սպառնալիքների պայմաններում։ Ըստ տվյալների՝ խոցվել է հակառակորդի ավելի քան 170 ինքնաթիռ, ներառյալ՝ 16 կործանիչ»,- ասել է գեներալ Աքրամինիան։
Նա ընդգծել է, որ խոցված անօդաչու սարքերից շատերը եղել են բարձր տեխնոլոգիական, իսկ դրանցից մի քանիսն իրենց հնարավորություններով գերազանցել են կործանիչներին և ունեցել են զգալի ֆինանսական արժեք։


