չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանի արտգործնախարարը  բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ շարունակվում է առավելագույն ճնշման արշավը Թեհրանի դեմ

Իրանի արտգործնախարարը  բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ շարունակվում է առավելագույն ճնշման արշավը Թեհրանի դեմ

Ուղիղ բանակցություններն ԱՄՆ-ի հետ անհնարին կլինեն, քանի դեռ Վաշինգտոնն Իրանի դեմ իրականացնում է առավելագույն ճնշման արշավը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Իրանը ճնշման տակ երբեք բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ», - ընդգծել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան պարբերաբար շարունակում են խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ 

Նա նաև նշել է, որ Իրանի խնդրանքով շուտով կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության նիստը՝ Գազայում իսրայելական գործելաոճի քննարկման նպատակով:

«Իրանն, ինչպես միշտ, կշարունակի աջակցել տարածաշրջանում Դիմադրության առանցքին», - ընդգծել է Արաղչին։

«Մենք կշարժվենք առաջ և կհամակարգենք մեր գործողություններն ու դիրքորոշումներն Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ՝ համագործակցելով Ռուսաստանի և Չինաստանի մեր բարեկամների հետ», - հավելել է նա։

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը խաղաղություն և անվտանգություն է փնտրում կովկասյան տարածաշրջանում՝ հավելելով, որ Աֆղանստանի հարցով Իրան-Ռուսաստան խորհրդակցությունները նույնպես կշարունակվեն։

Լավրովն իր հերթին ասել է, որ մամուլի ասուլիսից առաջ կայացած հանդիպմանը կողմերն ընդգծել են «միակողմանի պատժամիջոցների անընդունելիությունը և համակարգված գործողությունները՝ երկու երկրների վրա այդ պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար»։

 

  • Կիսվել: