Իրանի ԱԳ նախարարը մերժել է ճնշման պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «ճնշման ներքո» ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Իրանի միջուկային էներգիայի ծրագիրը միշտ եղել է և միշտ կմնա բացառապես խաղաղ բնույթի։ Ուստի սկզբունքորեն գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին դրա «պոտենցիալ ռազմականացումն է»։ Մենք ճնշման ներքո և ահաբեկման պայմաններում բանակցություններ չենք վարի: Մենք նույնիսկ չենք դիտարկի դա՝ անկախ դրա թեմայից», - գրել է Արաղչին։
Նա հավելել է, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում «եվրոպական եռյակի» (խմբ.՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա ), ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։
«Այժմ մենք խորհրդակցություններ ենք անցկացնում եվրոպական եռյակի և առանձին՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ՝ իրավահավասարության հիման վրա և փոխադարձ հարգանքի պայմաններում: Նպատակն այն է, որպեսզի ուսումնասիրենք մեր միջուկային էներգիայի ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման և թափանցիկության ձևավորման ուղիները՝ անօրինական պատժամիջոցների չեղարկման դիմաց», - ասել է նա:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Ալի Խամենեին, մեկնաբանելով Թրամփի նամակը, նշել է, որ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին մտահոգում են սոսկ սեփական շահերը: