երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ նամակագրությունից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն անցկացվել

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ նամակագրությունից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն անցկացվել

Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատասխան է ստացել նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ Այս մասին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն, բայց միայն անուղղակի։ Իհարկե, անհրաժեշտ է ընդունել, որ մինչ օրս ոչ մի բանակցային փուլ չի անցկացվել»:

Ըստ Արաղչիի՝ ԱՄՆ-ն «միայն կարող է երազել» Իրանի հետ գործարք կնքելու մասին, ինչպիսին Լիբիայի հետ էր կնքվել 2003 թվականին: Այն ժամանակ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին հրաժարվել էր զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու գաղափարից, և երկրում սկսվել էր ապառազմականացման գործընթացը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվել էր Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր էր համարել բանակցությունները շարունակել միջնորդների միջոցով։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը ավելի ուշ հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը գործողությունների «այլ տարբերակներ» կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։

  • Կիսվել: