չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին

Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին

Փարիզի կողմից երկու իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին Ֆրանսիային զգուշացրել է սպասվող հետևանքների մասին։

«Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանում Ֆրանսիայի մշտական դավաճանությունները», — X սոցիալական ցանցում գրել է Ազիզին՝ հիշատակելով «վարակված արյան» գործը, INSTEX մեխանիզմն ու «սնեփբեք» ընթացակարգը։ Նրա խոսքով՝ «հակաիրանական գործողությունների» շարունակումը միայն ավելի է բարդացնելու Ֆրանսիայի իրավիճակը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել էր առաջիկայում երկու իրանցի դիվանագետների արտաքսելու Փարիզի մտադրության մասին։ Ըստ նրա՝ պատճառը հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում, ֆրանսիական կողմի հավաստմամբ, դիտավորյալ հարձակում է իրականացվել Ֆրանսիայի երկու դիվանագետների վրա։ Բարոն անընդունելի է համարել կատարվածը՝ ընդգծելով, որ այն անհետևանք չի մնա։

Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։ Գերատեսչությունում պնդել են, որ նրանք զբաղվել են միջազգային իրավունքին և Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեությամբ։

Իրանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ «անօրինական գործողությունների» ի հայտ գալուց շաբաթներ անց ֆրանսիական կողմը որևէ միջոց չի ձեռնարկել իրավիճակի կարգավորման և ապագայում նմանօրինակ քայլերի կրկնությունը բացառելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ֆրանսիացի երկու դիվանագետներին արգելվել է մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։

  • Կիսվել: