Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինդոնեզիայում, որտեղ օգոստոսի 17-ին նշվում է Անկախության օրը, 7,7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի։ Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Օգոստոսի 15-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետևանքով նաև ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Ըստ իշխանությունների՝ անհետ կորածներ չկան։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆլորես կղզու ափերին՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժին հաջորդել է գրեթե 1600 հետցնցում, որոնցից մեկը, որը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի առավոտյան, եղել է 5,6 մագնիտուդով։
Մարդիկ հեռացել են մերձափնյա բնակավայրերից մի շարք նահանգներում հայտարարված ցունամիի վտանգի պատճառով, որն ավելի ուշ չեղարկվել է։
Հզոր երկրաշարժի հետևանքով վնասվել է շուրջ 500 տուն, սողանքներն արգելափակել են ճանապարհները, ինչի հետևանքով Ֆլորեսում 12 800 մարդ չի կարողանում տուն վերադառնալ։



