հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչպես ասում են՝ Ադրբեջանի առաջին տիկինը թուրքական «սուլթանի» ճաշակով չէ, չափազանց ազատ ոճ ունի

Ինչպես ասում են՝ Ադրբեջանի առաջին տիկինը թուրքական «սուլթանի» ճաշակով չէ, չափազանց ազատ ոճ ունի

Հակառակորդ երկրի մամուլում աշխուժորեն քննարկվում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի «տմարդի արարքը»: Բանն այն է, որ Սադիկովի հրամանով զինված ուժերից հեռացվել են հայ սպա Գուրգեն Ալավերդյանին տեսանկարահանած եւ նյութերը սոցիալական ցանցերում տեղադրած մի քանի զինծառայողներ:

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն, իհարկե, այդ որոշումն ընդունելիս չի առաջնորդվել մարդասիրական մղումներով, չի հետապնդել գերված հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակ՝ ինչպես պահանջում է միջազգային իրավունքը: Ոչ, Սադիկովն ադրբեջանցի սպաներին պատժել է, որովհետեւ, պարզվում է, հակառակորդի զինված ուժերում սմարթֆոն հեռախոսների կրումը եւ օգտագործումն արգելված են:

Հայ սպայի հետ կատարվածն ապացուցել է, որ զինծառայողները չեն հետեւում հրամանին, պահում եւ օգտագործում են սմարթֆոն հեռախոսներ, եւ ԳՇ պետը կայացրել է նրանց կարգապահական տույժի ենթարկելու որոշում: Բայց Ադրբեջանում քսենոֆոբիան այն աստիճան է արմատավորված, որ ԳՇ պետի այդ որոշումն ընկալվել է որպես… «աջակցություն հայկական քարոզչությանը»: Սոցիալական ցանցերում ստորագրահավաք է սկսվել՝ ԳՇ պետին պաշտոնանկելու պահանջով:

Խնդիրը բավական նուրբ է: Նաջմեդին Սադիկովը ծագումով էթնիկ լեզգի է: Ծնվել է Դերբենտում, ավարտել է Բաքվի համազորային ռազմական ուսումնարանը: Խորհրդային զինված ուժերում հասել է գումարտակի հրամանատարի աստիճանի, այնուհետեւ ավարտել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Ադրբեջանական զինված ուժերում Սադիկովը ծառայում է 1992 թվականից:

Մեկ տարի անց նա նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Գլխավոր շտաբի պետ եւ այդ պաշտոնն զբաղեցնում է առայսօր: Սադիկովի դեմ արշավն, անկասկած, հովանավորված է իշխանություններից: Խնդիրը պարզ է՝ ինչ-որ մեկը պետք է պատասխան տա հուլիսյան մարտերի, բացառված չէ՝ նաեւ ապրիլյան քառօրյայի ձախողումների համար: Քավության նոխազի ամենահարմար թեկնածուն ԳՇ պետն է: Ազգությամբ լեզգի է, ռազմական կրթություն ստացել է Ռուսաստանում, այդ երկրի զինվորական վերնախավի հետ տարիների ընթացքում հաստատած կապեր ունի:

Մի խոսքով՝ լիովին համապատասխանում է «ռուսական գործակալի» չափանիշներին: Կապ չունի, որ Սադիկովը քսանյոթ տարի ԳՇ պետ է ծառայել, հասել գեներալ-գնդապետի կոչման: Եթե նա հայ սպային գերեվարած ադրբեջանցի զինծառայողներին «ստորացրել է»՝ արժանի է հանրային նզովքի եւ պաշտոնանկության:

Առաջիկա մի քանի օրերին, հավանաբար, Սադիկովը կհեռացվի ԳՇ պետի պաշտոնից: Ո՞վ կփոխարինի նրան: Այսօր Ադրբեջան է գործուղված թուրքական բանակի բարձրաստիճան սպաների մի խումբ: Ալիեւը կգնա՞ նրանցից մեկին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու որոշման: Բավական վստահելի աղբյուրներ ասում են, որ Ադրբեջանում նման հարցերն այլեւս Մեհրիբան Ալիեւան է լուծում:

Ո՞վ է նրա նախընտրած գեներալը: Կարծիք կա, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեմ է իշխանությունը Մեհրիբանին փոխանցելու ծրագրին: Ինչպես ասում են՝ Ադրբեջանի առաջին տիկինը թուրքական «սուլթանի» ճաշակով չէ, չափազանց ազատ ոճ ունի: Այս դեպքում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետի ընտրությունը, երեւի, կկատարվի ռուսական կողմնորոշման գեներալների շրջապատից: Բայց ադրբեջանական քսենոֆոբիան կմնա որպես որոշիչ գործոն: Դժվար ընտրություն է սպասվում:

  • Կիսվել: