Իլոն Մասկին մեղադրել են նացիստների զոհերին վիրավորելու մեջ
Իսրայելի Հոլոքոսթի զոհերի պաշտոնական հուշահամալիրի նախագահը մեղադրել է ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի դաշնակից Իլոն Մասկին նացիստների զոհերին վիրավորելու և Գերմանիայի դեմոկրատական ապագային սպառնալու մեջ՝ շաբաթ օրը Գերմանիայի ծայրահեղ արմատական կուսակցության հանրահավաքում Մասկի ելույթից հետո, հայտնում է NBC News-ը։
Շաբաթ օրը Մասկն անակնկալ հայտնվել է Գերմանիայի ծայրահեղ արմատական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախընտրական միջոցառմանը՝ կրկնապատկելով իր աջակցությունը քաղաքական այս ուժին, որը, նրա կարծիքով, կարող է «փրկել Գերմանիան» փետրվարին կայանալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին:
Ակնհայտորեն հղում անելով Գերմանիայի նացիստական պատմությանը՝ Իլոն Մասկը, որի ժպտացող դեմքը ցուցադրվել է հսկայական էկրանի վրա, մռնչացող ամբոխին ասել է, որ «երեխաները չպետք է մեղավոր լինեն իրենց ծնողների, առավել ևս՝ իրենց նախապապերի մեղքերի համար»:
«Չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում անցյալի մեղքի վրա, և մենք պետք է դուրս գանք դրա շրջանակից», - ավելացրել է նա արևելագերմանական Հալլե քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում: