ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին հայտարարել է, որ եթե Իսրայելը չհեռանա Լիբանանի հարավից, ապա նրան պարտություն է սպասվում: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
«Եթե դուք Լիբանանի հարավից չհեռանաք ձեր ոտքով, ապա 2000 թվականի էպոպեան կկրկնվի, ինչպես այն նույն տարում, երբ դուք խայտառակ ձևով փախաք այս հողից։ Ընտրությունը ձերն է», - Քաանիի գրառումն է մեջբերում լրատվամիջոցը։
2000 թ. մայիսին Իսրայելն ավարտեց զորքերի միակողմանի դուրսբերումը Լիբանանի հարավից, ինչը հաստատվեց ՄԱԿ-ի կողմից 2000 թ. հունիսի 16-ին։ Դուրսբերումը վերջ դրեց Իսրայելի կողմից տարածաշրջանի 18-ամյա օկուպացմանը, ինչպես նաև ամրապնդեց «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանում։
Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական գործողությունների թեման գլխավորներից մեկն էր Շվեյցարիայում Պակիստանի և Կատարի միջնորդությամբ անցկացված ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում։ Իրանը հայտարարել էր, որ կհրաժարվի ԱՄՆ-ի հետ ապագա բանակցություններից և չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանի տարածքում։
Ըստ պակիստանցի և կատարցի միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համաձայնել են խումբ ստեղծել Լիբանանում կոնֆլիկտային իրավիճակները կանխելու համար: Խմբի նպատակը լինելու է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտերի դադարեցման ապահովումը։
Հունիսի 21-ին Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պետք է պատրաստ լինեն «Հեզբոլլահ»-ի հետ ռազմական գործողությունների վերսկսմանը փխրուն հրադադարի ֆոնին։



