Ի՞նչ հաջորդ փուլի մասին է հայտարարել Մարթա Կոսը
«Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Այն կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ ուղիները»,-հայտարարել է Եվրահանձնակատար Մարթա Կոսը:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշում է.
«Ի՞նչ հաջորդ փուլի մասին է խոսքը: Նրա հայտարարությունը վկայում է, որ ձեռք են բերվել որոշակի կոնկրետ պայմանավորվածություններ: Եթե դրանք չկան, ապա ի՞նչ հաջորդ փուլ: Իհարկե պետք չէ բացառել, որ Կոսը կարող է անել հայտարարություն կամ գրառում, պարզապես ինֆորմացիոն-քարոզչական տրամաբանությամբ:
Ի վերջո, Եվրահանձնաժողովի ներկայիս կազմը՝ Ֆոն Դեր Լայենի գլխավորությամբ, ԵՄ ներսում բոլորովին անամպ երկնքում չէ: Հետեւաբար, արդյունավետություն ցույց տալն ինքնին, կամ դրա տպավորություն ստեղծելն ինքնին նրանց համար շատ կարեւոր է:
Հետեւաբար, պետք չէ իհարկե բացառել, որ հայտարարություններն արվում են հենց այդ տրամաբանությամբ: Միեւնույն ժամանակ, սակայն, կասկածից վեր է, որ նրանք ձգտում են կոնկրետ պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ Հայաստանին համոզում ընդունել այդ պայմանավորվածությունները, դրա դիմաց խոստանալով փող»։


