Հույս ունենք՝ Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Թուրքիան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ»։
«Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, ինչպես դա արել է մինչ օրս, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», – ասված է հայտարարությունում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր հերթին հայտարարել է, որ վերջին չորս տարիների ընթացքում ևս կարևոր զարգացումներ են տեղի ունեցել։
«Մեր կարծիքով, Հարավային Կովկասի առջև կանգնած հիմնական հնարավորությունն ու նպատակը հետևյալն է․ որքան ամրապնդվի խաղաղության հիմքը, այնքան ավելի ուժեղ արդյունքների կհասնեն կապակցվածության նախագծերը, իսկ որքան ուժեղանա կապակցվածությունը, այնքան ավելի ամուր կերպով կձևավորվի խաղաղության հասարակական և տնտեսական հիմքը։ Մենք վճռականորեն շարունակում ենք մեր աշխատանքը՝ ամրապնդելու այս շրջապտույտը, որը ծառայելու է ողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։



