շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հուսահատ եվրոպացիները վերադառնում են աշխարհի հնագույն վառելիքին. Bloomberg

Հուսահատ եվրոպացիները վերադառնում են աշխարհի հնագույն վառելիքին. Bloomberg

Բեռլինի Տեմպելհոֆ օդանավակայանի մոտ Պետր Էնգելկեn անվտանգության նոր դարպաս է տեղադրել՝ ելնելով այն մտավախությունից, որ հուսահատ մարդիկ կարող են գողանալ իր «թանկարժեք ակտիվը»՝ վառելափայտը, հայտնում է Bloomberg-ը։

Էնգելկեի գործողությունները արտացոլում են Եվրոպայում աճող անհանգստությունը, քանի որ մայրցամաքը պատրաստվում է էներգիայի հնարավոր սակավությանը եւ ձմռան ընթացքում հնարավոր անջատումներին:

Ուրբաթ օրը Պրահայում կայացած գագաթաժողովում Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ գազի գնի սահմանափակումների շուրջ՝ մտավախություն ունենալով, որ ցանկացած նման քայլ կարող է վտանգել մատակարարումները տարածաշրջան: Եվրոպայում ջերմության մոտ 70 տոկոսը ապահովվում է բնական գազով եւ էլեկտրաէներգիայով, իսկ Ռուսաստանից մատակարարումների կտրուկ կրճատման հետեւանքով փայտը, դարձել է պահանջված ապրանք։ Այն, որպես ջեռուցման աղբյուր, արդեն իսկ օգտագործում է 40 միլիոն մարդ:

Փայտի գինը Ֆրանսիայում գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 600 եվրոյի մեկ տոննայի դիմաց: Հունգարիան այնքան հեռու է գնացել, որ արգելել է վառելափայտի արտահանումը, իսկ Ռումինիան վեց ամսով սահմանափակել է հումքի գինը։ Մինչդեռ փայտի վառարանների առաքումը կարող է ամիսներ տեւել:

Էներգետիկ ճգնաժամը սրում է կենցաղային ծախսերի աճը: Տարածաշրջանում անապահով տնային տնտեսությունները գնալով ավելի ու ավելի են բախվում ջեռուցման եւ այլ կարիքների միջեւ ընտրություն կատարելու հարցին:

«Դա վերադարձ է դեպի հին օրերը, երբ մարդիկ չէին տաքացնում ամբողջ տունը: Նստում էին կրակի շուրջ», - ասել է Մեծ Բրիտանիայի վառելափայտի մանրածախ վաճառքի Certainly Wood ընկերության գործադիր տնօրեն Նիք Սնելը:

Այս միտումը հանգեցրել է Gabriel Kakelugnar AB-ի՝ բարձրորակ սալիկապատ վառարանների արտադրական աճին, որոնց գինը միջինում կազմում է 7700 դոլար: Վառարանները կարող են տաքացնել սենյակը 24 ժամ՝ շնորհիվ բարդ դիզայնի, օգտագործելով տարբեր ալիքներ, որոնք պահպանում եւ բաշխում են ջերմությունը:

«Համաճարակի ժամանակ մարդիկ սկսել են ավելի շատ ներդրումներ կատարել իրենց տան վրա։ Այժմ, իհարկե, իրավիճակը սրվել է», - նշել է ընկերության սեփականատեր եւ գործադիր տնօրեն Յեսպեր Սվենսոնը եւ հավելել, որ պատվերներն ավելացել են ավելի քան չորս անգամ, եւ գնորդներն այժմ պետք է սպասեն մինչեւ մարտ՝ առաքման համար:

Շատ եվրոպացիների համար գլխավորն խնդիրն այն է, որ հնարավոր ամեն ինչ անեն առաջիկա ամիսներին տաք մնալու համար: Անհանգստությունն ավելի հրատապ է դառնում, քանի որ մոտենում են ձմեռային ցրտերը, եւ ջերմության կարիքը կարող է առողջական եւ բնապահպանական խնդիրներ ստեղծել:

«Մենք մտահոգված ենք, որ մարդիկ պարզապես կվառեն այն, ինչ ձեռքի տակ ընկնի: Մենք կարող ենք տեսնել աղտոտվածության շատ բարձր մակարդակ, երբ մարդիկ փայտ վառեն՝ առանց իմանալու թե ինչպես դա անել», - ասել է Շվեդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության օդի որակի ղեկավար Ռոջեր Սեդինը՝ զգուշացնելով վատ օդափոխության եւ թաց փայտ այրելու փորձերի մասին:

Անփորձությունն ակնհայտ է նաեւ Գերմանիայում, որտեղ երկրի ծխնելույզ մաքրողների ասոցիացիան լուծում է նոր եւ հին վառարանները միացնելու հարցումների հեղեղը, եւ հաճախորդները հետաքրքրված են ձիու գոմաղբ եւ այլ անհասկանալի վառելիք այրելու հնարավորությամբ:

Ֆրանսիայում, որոշ մարդիկ գնում են երկու տոննա փայտ, մինչդեռ մեկ տոննայից էլ քիչը սովորաբար բավարար է մեկ տարվա համար:

«Մարդիկ հուսահատ են եւ գնում են սովորականից ավել փայտ», - նշել է Նորվեգիայում փայտի մանրածախ վաճառքով զբաղվող Kortreist Ved ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Թրոնդ Ֆյորտոֆթը:

Բեռլինում ճգնաժամը անհանգստացնում է մադկանց, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման փորձ ունեցել էին, երբ վառելիքի պակասը բնակիչներին ստիպել էր կտրել Տիերգարտենի կենտրոնական այգու գրեթե բոլոր ծառերը՝ ջեռուցման ապահովման նպատակով:

Թեեւ բեռլինցիները հիմա նման ծայրահեղությունների չեն գնում, սակայն տաքանալու մասին մտահոգությունները լայն տարածում ունեն։

  • Կիսվել: