Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
Հունգարիայում լեհական տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել փոսն ու շրջվել։
Հունգարական ԶԼՄ-ները հաղորդել են, որ վթարի վայր են ժամանել փրկարարական և շտապօգնության խմբեր։ Մի շարք ուղևորներ արգելափակված են եղել ավտոբուսի ներսում, իսկ մի քանիսը՝ դրա տակ։ Փրկարարները կարողացել են դուրս բերել տուժածներին և նրանց տեղափոխել հիվանդանոցներ։
Reuters-ի տվյալներով վթարի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ։
Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել վարորդի՝ ղեկին քնելը։ Վարորդը ձերբակալվել է, իսկ իրավապահները շարունակում են պարզել վթարի բոլոր հանգամանքները։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մաջյարը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և երախտագիտություն հայտնել փրկարարական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց։ Լեհաստանի իշխանությունները ևս հայտնել են, որ կապի մեջ են հունգարական կողմի հետ և ճշտում են աղետի հանգամանքներն ու զոհերի վերաբերյալ տեղեկությունները։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին նույնպես ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին։
Վթարի հետևանքով Հունգարիայում M3 ավտոմայրուղու տվյալ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։



