կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են միանալ Ուկրիանային արկեր մատակարարելու՝ Չեխիայի նախաձեռնությանը

Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են միանալ Ուկրիանային արկեր մատակարարելու՝ Չեխիայի նախաձեռնությանը

Պրահայում մարտի 21-ին կայացած «Վիշեգրադյան քառյակի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի մոտեցումների առումով։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Հունգարիան և Սլովակիան հրաժարվում են միանալ Չեխիայի գլխավորած դաշինքին, որի նպատակն է հրետանային արկեր ուղարկել Ուկրաինա։

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին անհրաժեշտ է համարում մեծացնել աջակցությունն Ուկրաինային բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական օգնությունը։ Նրա խոսքով՝ ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում, որ ռուսական բանակը հնարավորինս հեռու մնա իրենց սահմաններից։

«Եվրոպան այսօր վտանգի մեջ է, և անհրաժեշտ է դրան հակազդելու ունակություն ունենալ», - հայտարարել է Լիպավսկին։

Չեխիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ մի շարք պետություններ, այդ թվում նաև՝ Լեհաստանը, միացել են ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրներից Ուկրաինային զինամթերք տրամադրելու՝ Չեխիայի նախաձեռնությանը։

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ուրախ է նպաստել ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաև արդյունավետ լոգիստիկ ապահովումը կազմակերպելու հարցում, որպեսզի «զինամթերքը կարողանա հասնել այնտեղ, ուր հարկավոր է՝ ռազմաճակատ»:

  • Կիսվել: