Հունական կործանիչներն Էգեյան ծովի վրա թուրքական ԱԹՍ են խոցել
Հունաստանի ռազմաօդային ուժերը պատրաստի վիճակի են բերվել, երբ նկատել են, որ թուրքական անօդաչու թռչող սարքը մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվության գոտի ու խախտել երկրի օդային տարածքը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ թուրքական դրոնը նկատվել է Սամոթրակի և Լիմնոս կղզիների միջև ընկած ծովային հատվածում։ Հույն զինվորականներն իսկույն գործի են դրել նման դեպքերի համար նախատեսված հետևման ու կալանման քայլերը։
Հունաստանը թուրքական անօդաչուն գտնելու, նույնականացնելու ու վնասազերծելու համար երկու հատ F-16 կործանիչներ է օդ բարձրացվել։
Ըստ աղբյուրի՝ իրավիճակն ավելի վտանգավոր էր նրանով, որ դրոնը մոտեցել էր Ալեքսանդրուպոլիսի օդանավակայանի թռիչքուղուն հենց այն պահին, երբ այնտեղից օդ բարձրանալու էր պատրաստվում Aegean ընկերության ուղևորատար ինքնաթիռը։
Քաղաքացիական ավիացիայի ծառայության և ռազմական ինքնաթիռների արագ ու համակարգված աշխատանքի շնորհիվ թուրքական սարքը հեռացվել է տարածքից՝ առանց ուղևորատար չվերթը վտանգի ենթարկելու։
Euronews-ը նկատում է՝ դեպքը տեղի է ունեցել բավականին զգայուն պահի․ ընդամենը ժամեր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հունաստանը պատրաստվում է անօդաչուների բազա հիմնել Հռոդոս կղզում։ Անկարան պնդել է, թե դա կխաթարի «Էգեյան ծովի խաղաղությունն ու կայունությունը», և ակնարկել հակադարձ «անհրաժեշտ քայլերի» մասին։



