Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով
Հունաստանում հեռարձակվող քաղաքական քննարկմների հաղորդման ընթացքում բուռն բանավեճ է ծագել Թուրքիայի թեմայով՝ ԱՄՆ–Իսրայել–Իրան լարվածության ֆոնին։ Հաղորդավարը հայտարարել է, թե ընթացող զարգացումներից հետո հաջորդ հնարավոր թիրախը կարող է լինել Թուրքիան՝ նշելով, որ նման տեսակետներ հնչում են նաև Իսրայելում, գրում է ermenihaber.am-ը:
Սակայն հաղորդման հյուրը կտրուկ հակադարձել է՝ ընդգծելով, որ Իսրայելը չի ցանկանում բախման գնալ Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներն ու դիվանագետները նշում են, որ Թուրքիան «սովորական երկիր չէ» և ունի լուրջ ռազմական ներուժ։
Հաղորդավարն էլ պնդել է, թե իր աղբյուրներն Իսրայելում հակառակ տեսակետն են ներկայացնում և Թուրքիան դիտարկվում է որպես հնարավոր հաջորդ թիրախ։ Ի պատասխան՝ մեկնաբանը նշել է, որ Թուրքիան արդեն ապացուցել է իր ռազմական կարողությունները և չի կարող համեմատվել այլ տարածաշրջանային ուժերի հետ։
Բանավեճը սրվել է այն պահին, երբ հաղորդավարը մեղադրել է հյուրին Թուրքիայի օգտին քարոզչություն անելու մեջ՝ նշելով, որ նա ներկայացնում է Անկարայի ուժի մասին միակողմանի պատկերացում։


