շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հրանտ Դինքի գործով որոշ մեղադրանքներ վաղեմության ժամկետի պատճառով հանվել են

Հրանտ Դինքի գործով որոշ մեղադրանքներ վաղեմության ժամկետի պատճառով հանվել են

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է արել Թուրքիային շարունակել ջանքերը՝ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեղավորներին բացահայտելու համար։

Հունվարի 9-ին Ստամբուլի դատարանը նորից քննեց 2007 թվականի սպանության հետ կապված վերջին գործերից մեկը։ Հրանտ Դինքի գործով որոշ մեղադրանքներ հանվել են վաղեմության ժամկետի պատճառով։

Թուրքահայ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դինքը սպառնալիքներ է ստացել թուրք ազգայնականներից իր հրապարակումների կապակցությամբ, որոնց համար նրան մեղադրել են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ։ Նրա սպանությունը լայն հնչեղություն առաջացրեց երկրում։

2023 թվականին սկսված դատավարության ընթացքում 15 մեղադրյալներ կասկածվում են հանգուցյալ հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Թուրքիան Գյուլենին մեղադրում է FETÖ ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելու և 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ։ Իշխանությունները կարծում են, որ Դինքի սպանությանը մասնակից են եղել նաև Գյուլենի կողմնակիցները։

Նույն օրը դատարանը վերանայեց նաև 2021թ-ին կայացված դատավճիռները։ Դատավարությունը կշարունակվի փետրվարի 7-ին։

«Սարսափելի սպանությունից 18 տարի անց բազմաթիվ դատավարություններ և վերադատումներ քաղաքականացվել են՝ չկարողանալով արդարություն կամ մխիթարություն ապահովել Դինքի ընտանիքին: Թուրքական իշխանությունները պետք է ականջալուր լինեն ընտանիքի փաստաբանների պահանջներին և ամեն ինչ անեն դավադրությունը բացահայտելու և այս խայտառակ գործին վերջ դնելու համար, որը տևում է գրեթե երկու տասնամյակ»,- ասել է CPJ Թուրքիայի ներկայացուցիչ Օզգուր Օգրեթը։

2022 թվականին Դինքի ընտանիքի փաստաբանները բողոք են ներկայացրել Գերագույն դատարան՝ դժգոհություն հայտնելով հետաքննության և դատավարությունների ընթացքի վերաբերյալ։ Նրանք վկայակոչել են  Դինքին վարկաբեկելու փորձերը, ապացույցների անտեսումը կամ չարաշահումը, ինչպես նաև ենթադրյալ դավադիրների նկատմամբ հետաքրքրության պակասը:

Երկու ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Մյուս մեղադրանքները, այդ թվում՝ «առանց անդամակցության ահաբեկչական կազմակերպությանն օգնելը», հանվել են, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է։

Դատարանը հանել է Օգյուն Սամասթի, Ահմեդ Իսկենդերի, Էրհան Թունջելի, Յասին Հայալյաի, Թունջայ Ուզունդալի, Զեյնել Աբիդին Յավուզի և Էրսին Յոլջուի դեմ մեղադրանքները։ Մինչդեռ Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը ցմահ ազատազրկման են դատապարտվել սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։ Ադեմ Սագլամը մեղավոր է ճանաչվել որպես ահաբեկչական կազմակերպության անդամ և դատապարտվել վեց տարի տասը ամիս 15 օր ազատազրկման։

CPJ-ն մեկնաբանություն է խնդրել Ստամբուլի գլխավոր դատախազից, սակայն դեռ պատասխան չի ստացել։

  • Կիսվել: