Հազարավոր պաղեստինցիներ վերադառնում են Գազա
Գազայի հատվածի հարավային շրջաններից հազարավոր տեղահանված պաղեստինցիներ սկսել են վերադառնալ հյուսիս՝ Գազա քաղաք, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Ինչպես հայտնել է Գազայի ոստիկանությունը՝ իրավապահները կտեղակայվեն այն հատվածներում, որտեղից իսրայելական բանակը դուրս է եկել։ Գազայում պաղեստինյան ոստիկանության ուժերը հայտարարություն են տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց տներ վերադառնալիս ծայրահեղ զգույշ և ուշադիր լինել կասկածելի առարկաներ կամ չպայթած ռումբեր նկատելու դեպքում։
Իր հերթին Գազայի կառավարության լրատվական գրասենյակը բնակիչներին կոչ է արել համագործակցել և կարգապահ լինել, երբ մարդասիրական օգնությունը սկսի մուտք գործել անկլավ։
Նշվում է նաև, որ Իսրայելի բանակի խոսնակը Գազայի բնակիչներին հղված ուղերձում հայտնել է, որ իսրայելական ուժերը շարունակելու են տեղակայված մնալ Գազայի հատվածի որոշակի տարածքներում, և քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ ռազմական կետերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսում համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլի շուրջ։ Իսրայելական զորքերն արդեն հետ են քաշվել դեպի նախապես համաձայնեցված գիծ՝ իրենց վերահսկողության տակ պահելով պաղեստինյան անկլավի 53 տոկոսը։ Հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, որոնցից ողջ է մնացել 20-ը: Փոխարենը Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված՝ Գազայի 1700 բնակչի։
Տեսանյութը՝ այստեղ:


