ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է

Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է

Հայտնի են դարձել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մանրամասները, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

«Ալի Լարիջանին ամերիկյան և սիոնիստական ​​ռազմական ինքնաթիռների թիրախն է դարձել իր աշխատավայրում՝ իր որդու, տեղակալներից մեկի և թիկնապահների խմբի հետ միասին, և սպանվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լարիջանին զոհվել է իր դստեր տանը, սակայն տեղեկացված աղբյուրները հերքել են դա»,- նշում է գործակալությունը։

Զոհվել է նաև Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի որդին:

«Զոհվել է նաև մեծ նահատակ Ալի Լարիջանիի որդին, հայտնի գիտնական, դոկտոր Մորտեզա Լարիջանին»,- նշվում է հայտարարության մեջ։

ԻՐՆԱ գործակալության տվյալներով՝ սպանվել է նաև Լարիջանիի թիկնազորի ղեկավար  Սեյեդ Վահիդ Ֆաթեմի-Նեժադը:

67-ամյա Լարիջանին Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածներից սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիից հետո։

Պրագմատիկ և չափավոր տոնով հայտնի Լարիջանին այաթոլլա Ալի Խամենեիի մերձավորներից մեկն էր համարվում և մեծ ազդեցություն ուներ՝ բանակում, լրատվամիջոցներում և օրենսդիր մարմնում տասնամյակների փորձառության շնորհիվ։ Անցած տարի՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Իրանի 12-օրյա պատերազմից հետո, նա նշանակվեց Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար՝ պաշտոն, որը զբաղեցրել էր դրանից գրեթե երկու տասնամյակ առաջ՝ համակարգելով Իրանի պաշտպանական ռազմավարությունը և վերահսկելով միջուկային քաղաքականությունը։

  • Կիսվել: