ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Հայտնի է՝ պետքարտուղարի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն ուր կկատարի Մարկո Ռուբիոն. Bloomberg

Հայտնի է՝ պետքարտուղարի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն ուր կկատարի Մարկո Ռուբիոն. Bloomberg

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Պանամա, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Սա կլինի նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը նոր պաշտոնում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի այցը տեղի կունենա Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։

 

Զրուցակցի խոսքով՝ պետքարտուղարը նախատեսում է այցելել նաև Գվատեմալա, Սալվադոր և Կոստա Ռիկա։ Ռուբիոն կմեկնի նաև Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ տեղի կունենա Արևմտյան կիսագնդի երկրների գագաթնաժողովը, որին ավանդաբար մասնակցում է ԱՄՆ նախագահը, նշել է աղբյուրը։

Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնը ստանձնելուց հետո սովորաբար իր առաջին ուղևորությունն է անում մի երկիր, որը աշխարհաքաղաքական կարևոր դաշնակիցն է ԱՄՆ-ին։ Օրինակ, նրա նախորդներ Էնթոնի Բլինկենը և Ռեքս Թիլերսոնը իրենց պաշտոնական պարտականությունները սկսել են համապատասխանաբար Ճապոնիա և Գերմանիա այցելություններով։

 

Անցյալ տարեվերջին Դոնալդ Թրամփը Պանամայի իշխանություններից պահանջել էր նվազեցնել տարանցիկ վճարները Պանամայի ջրանցքով ամերիկյան ռազմական և առևտրային նավերի անցման համար։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, Պանաման ստիպված կլինի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել էր, որ զիջումների չի գնա Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման համար վճարների նվազեցման հարցում։ ԱՄՆ նախագահի հայտարարությունների ֆոնին ՄԱԿ-ում Պանամայի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։

  • Կիսվել: