Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի ֆերմերներից և մեծածախ մատակարարներից ստացվող արտադրանքը․ ռուս փորձագետ
Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի ֆերմերներից և մեծածախ մատակարարներից ստացվող արտադրանքը։ Հունիսի 24-ին կայացած տեսակամրջի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։
Այն հարցին, թե ինչու է սահմանափակվում հայկական արտադրանքի ներկրումը Ռուսաստան, նա պատասխանել է, որ Հայաստանից ստացվող ապրանքները ընդհանուր առմամբ շատ լավն են, և որ այդ հարցում որևէ կասկած չկա։ Այդուհանդերձ, նրա խոսքով, անհրաժեշտ է որակի մշտական վերահսկողություն իրականացնել ինչպես դաշտերում (ֆերմերների մոտ), այնպես էլ պահեստներում (մեծածախ մատակարարների մոտ)։
«Ես կոնկրետ փաստեր չունեմ, սակայն ԵԱՏՄ մակարդակով գործում է հանձնաժողով։ Կարծում եմ, որ նրանք մոտ ժամանակներս կկարգավորեն այս հարցը։ Նրանք գիտեն՝ ինչ է պետք անել»,- հավելել է փորձագետը։



