Հավատարիմ ենք մնում ահաբեկչական համարվող խմբավորումների դեմ պայքարի քաղաքականությանը. Թուրքիայի ՊՆ խոսնակ
Թուրքիան հավատարիմ է մնում ահաբեկչական համարվող խմբավորումների դեմ պայքարի քաղաքականությանը, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և ԻԼԻՊ-ի դեմ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա, վկայակոչելով ազգային անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգները, նշել է, որ Թուրքիան կշարունակի «կանխարգելիչ և հակազդող միջոցները» Սիրիայում քուրդ զինյալների դեմ:
«Սիրիայում ներկայիս իրավիճակին ու զարգացումներին նոր վարչակազմի հետ միասին ուշադիր հետևում ենք»,-ասել է Աքթյուրքը՝ նշելով, որ Թուրքիան առաջնահերթություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ազգային անվտանգությանը։
Աքթյուրքի խոսքով՝ իրենք վերահաստատում են վճռականությունը՝ պայքարելու «ահաբեկչական կազմակերպությունների դեմ ցանկացած անվան տակ, որը սպառնում է Թուրքիայի և Սիրիայի անվտանգությանը»: