երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀԱՊԿ-ը կսկսի իրագործել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ծրագիրը. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը կսկսի իրագործել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ծրագիրը. գլխավոր քարտուղար

Տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ծրագրի իրագործումը կսկսվի 2025 թվականին: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Ծրագրում ներառված են կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային մասի անվտանգության ապահովմանը»,- ասել է Տասմագամբետովը 2024 թվականին ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի աշխատանքի արդյունքներին և 2025 թվականի խնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ:

Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:

Տասմագամբետովի խոսքով՝ 2024 թվականին քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժեր) սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից ու հեռանկարային նմուշներով համալրմանը:

Նա հայտարարել է, որ անցած տարի ՀԱՊԿ-ն ակտիվորեն համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ և իրականացրել համատեղ օպերատիվ ու մարտական պատրաստության միջոցառումներ:

  • Կիսվել: