Հանդիպել են Իրանի ԱԳՆ տեղակալն ու Թուրքիայի ԱԱԽ քարտուղարը. ինչ են քննարկել
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն և Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշն Անկարայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրությունը, տեղեկացնում է IRNA-ն։
Ինչպես հաղորդվում է՝ հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակն ու այդ ուղղությամբ Իսրայելի իրականացրած գործողությունները։
Նշվում է նաև, որ իրանցի ու թուրք պաշտոնյաներն ընդգծել են իսլամական աշխարհում համերաշխության և միասնության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար Իրանի և Թուրքիայի միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ Խաթիբզադեն բարձր է գնահատել Թուրքիայի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի ժողովրդին աջակցելը և նրա հետ համերաշխություն պահպանելու դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետ։


