կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համաշխարհային փորձը՝ ի նպաստ հուշարձանների պահպանության

Համաշխարհային փորձը՝ ի նպաստ հուշարձանների պահպանության

Կորեայի Սեուլ և Բույո քաղաքներում տեղի է ունեցել «Managing World Heritage: People, Nature, Culture 2022» ծրագիրը, որի նպատակն էրփոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների կառավարման լավագույն փորձը:

Հայաստանյան կողմից ծրագրին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Ծրագիրը կազմակերպել են ICCROM-ը, IUCN-ը, Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը, Կորեայի մշակութային կառավարչությունը և Կորեայի մշակութային ժառանգության ազգային համալսարանը: Ավելի քան 180 դիմորդներից ընտրվել էին 21 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես փորձագետներ՝ ներգրավված էր ավելի քան 10 մասնագետ:

Բոլոր մասնակիցները զեկուցումներ են ներկայացրել իրենց հուշարձաններից մեկի վերաբերյալ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հայաստանից ներկայացվել են Սանահինի և Հաղպատի վանքերը, պահպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու իրականացվող աշխատանքը:

Մասնագետները ներկայացրել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտ գրանցելու որոշ առանձնահատկություններ, շեշտել կառավարման պլանի պարտադիր առկայության պայմանը, որը չափազանց կարևոր է Հայաստանի համար հետագա քայլերը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Մասնակիցներին ներկայացվել է կառավարման պլանի նոր ձևաչափը, որը պաշտոնապես դեռևս չի հրապարակվել. մշակման փուլում է:

Բացի տեսական փորձի փոխանակումից՝ կազմակերպվել են այցելություններ Կորեայի՝ Համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված ինչպես մշակութային, այնպես էլ բնության հուշարձաններ` ծանոթացնելով տեղերի թանգարաններին, կառավարման համակարգին և հուշարձանների պահպանության վիճակին:

Հուշարձաններ այցելությունների ընթացքում տարածքների զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համատեքստում ներկայացվել են պրակտիկ և հետաքրքիր լուծումներ, որոնք նախատեսվում է կիրառել նաև Հայաստանի հուշարձաններում: Այս ուղղությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, և շուտով որոշ նորամուծություններ կունենանք:

Վերապատրաստման ծրագրի ավարտին փորձագետների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա մասնագիտական խորհրդատվությունների և համագործակցությունների վերաբերյալ:

  • Կիսվել: