Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) թիմը ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակում է աշխատանքը միջուկային օբյեկտներում՝ դրանց մերձակայքում ռազմական գործողությունների սաստկացման ֆոնին։ Այդ մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մենք ռազմական ակտիվության աճ ենք տեսնում ռազմաճակատի այդ հատվածում։ Հետևաբար, մենք շարունակում ենք խիստ մտահոգված մնալ», - մամուլի ասուլիսի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տեղ չի գնում, մենք այնտեղ ենք։ Բայց հաշվի առնելով պատերազմող կողմերի գործողությունները, ցավոք, մենք պետք է զսպվածության կոչ անենք նրանց։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում», - նշել է նա։
Գրոսին հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ի ջանքերով վեցերորդ հրադադարն է հաստատվել Զապորոժիեի ատոմակայանի հատվածում, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ տեղական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը «չափազանց կարևոր է շատ լուրջ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար», քանի որ դրանք թույլ են տալիս «կանխել միջուկային վթարը»։


