Գրենլանդիան մեզ պետք է, մենք պետք է այն ստանանք. Թրամփ
ԱՄՆ-ն «միջազգային անվտանգության» նպատակներով պետք է վերահսկողության տակ վերցնի դանիական կղզին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սաստկացնելով Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնությունները՝ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցից առաջ:
Նշենք, որ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, թե ցանկանում է, որ ինքնակառավարվող տարածքը լինի Վաշինգտոնի վերահսկողության տակ՝ հրաժարվելով բացառել ուժի կիրառումը դրան հասնելու համար։
«Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար: Մեզ այն պետք է: Մենք պետք է այն ստանանք: Ես ատում եմ դա ասել, բայց մենք ստիպված ենք այն ստանալ»,-ասել է Թրամփը «The Vince Show»-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշում է Ֆրանսպրես գործակալությունը՝ Գրենլանդիան, որը ձգտում է անկախանալ Դանիայից, ունի հանքանյութերի և նավթի հսկայական պաշարներ, թեև նավթի և ուրանի արդյունահանումն արգելված է:
«Եվ մեզ պետք է այդ հողը, քանի որ առանց դրա մենք չենք կարող պատշաճ կերպով պաշտպանել այս Երկրի մեծ մասը, ոչ միայն Միացյալ Նահանգները»,-ասել է Թրամփը: