«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին ԱՄՆ–Իսրայել դաշինքին հակակշռելու առաջարկ է արել, գրում է ermenihaber.am-ը:
Սոցցանցում կատարած գրառմամբ վերջինս առաջարկել է ԱՄՆի և Իսրայելի դեմ միասնական ճակատ ձևավորել՝ ստեղծելով «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Բահչելիի այս գաղափարը լայն տարածում է գտել միջազգային մամուլում: Օրինակ՝ ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալությունը գրել է․ «Թուրքիան «չարի դաշինքի» դեմ առաջարկում է միանալ Ռուսաստանին ու Չինաստանին»:
Հունական մամուլն էլ այսպես է արձագանքել. «Դևլեթ Բահչելի. եթե Երուսաղեմն ընկնի, Ստամբուլը կվառվի»։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումից հետո շեշտակիորեն վատացել են թուրք-իսրայելական հարաբերությունները։



