կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսամետ գործչի դեմ Յալթայում մահափորձ է կատարվել

Ռուսամետ գործչի դեմ Յալթայում մահափորձ է կատարվել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, Դոնբասի անջատողականների առաջնորդներից մեկի՝ Օլեգ Ցարեւի վրա հարձակում է իրականացվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժյեի շրջանի «վարչակազմի» ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։

Ռոգովի խոսքով՝ Ցարեւի վրա կրակել են։ Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, Ռոգովը նրա վիճակը «շատ ծանր» է գնահատել։

Ցարևի վրա հարձակման մասին հայտնել է նաև Коммерсант-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Ռուս «ռազմական թղթակիցներն» ավելի վաղ հայտնել էին, որ Ցարևը դանակով վիրավորվել է Յալթայում գտնվող իր տան մոտ։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա կարող էր վիրավորվել կենցաղային վիճաբանության արդյունքում։

Օլեգ Ցարևը 2002-2014 թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր։ Դոնբասում հակամարտությունը սկսելուց հետո նա անցել է անջատողականների կողմը։ 2014-2015 թվականներին նա եղել է այսպես կոչված Նովոռոսիայի խորհրդարանի խոսնակը, որի կազմում ընդգրկված են եղել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և  Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներ։

2022 թվականին Ուկրաինայում Ցարևը հեռակա դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին իր հրապարակային հայտարարությունների պատճառով՝ տարածքային ամբողջականությունը ոտնահարելու և պետական ​​համակարգը տապալելու կոչերի մեղադրանքով։ Նրա նկատմամբ նաև համագործակցության գործ է քննվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: