ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Նա այդ մասին հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Ինչ վերաբերում է իմ ապագա գործունեությանը, այս պահին կոնկրետ պատասխան չունեմ, բայց հասարակությունը, անշուշտ, դրա մասին կիմանա։ Հիմնականում դա կլինի գործունեություն մասնավոր հատվածում», - հայտնել է Իրակլի Ղարիբաշվիլին։

«Կփորձեմ այս դիրքից մասնակցել մեր երկրի զարգացմանը, տնտեսական առաջընթացին, և այս մասին ապագայում նորություններ կլինեն», - նշել է նախկին վարչապետը։

Միևնույն ժամանակ, այն հարցին, թե արդյոք քննարկում է քաղաքականություն վերադառնալը, նա ասել է՝ «ոչինչ բացառված չէ»։

«Հարցին, թե արդյոք քննարկում եմ և հնարավոր է, որ վերադառնամ քաղաքականություն՝ բացարձակապես ոչինչ բացառված չէ։ Բայց ինչպես արդեն նշեցի, իմ հիմնական շարժառիթն այժմ քաղաքականությունից հեռանալն է, ընտանիքիս ավելի շատ ժամանակ հատկացնելը։ Մնացածի մասին ժամանակը ցույց կտա», - ասել է քաղաքական գործիչը։

Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել էր «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նա երկու անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը՝ առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը, և երկրորդ անգամ՝ 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի հունվարի 29-ը։

 

  • Կիսվել: