ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Գերմանիայի մի շարք շրջաններում գրանցվել են ուժգին ամպրոպներ, որոնք ուղեկցվել են պտտահողմերով և փոթորկալից քամիներով։ Փոթորկի հարվածն ամենից ուժգին զգացվել է Ռայնլանդ-Պֆալցում և Հեսսենում։ Մեկ կին զոհվել է, ևս մի քանի մարդ վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Արվայլերի շրջանի Վալդորֆ բնակավայրում 58-ամյա կինը փորձել է պատսպարվել անձրևից, սակայն նրա վրա ծառ է ընկել։ Կինը մահացու վնասվածքներ է ստացել։ Վալդորֆում ևս մի քանի հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վեստերվալդի շրջանում իշխանությունները նախապես զգուշացրել էին բնակիչներին փոթորկի հետևանքով ծառերի տապալման վտանգի մասին։ Փոթորկի հանդարտվելուց հետո Հյոր-Գրենցհաուզենում ավերածությունների տեսարան է բացվել՝ պոկված տանիքներ, վնասված տներ և քանդված կառույցներ։ Շատ բնակիչներ նշել են, որ նման բան նախկինում երբեք չեն տեսել։

Թեև Ռայնլանդ-Պֆալցի շատ հատվածներում փոթորիկը տևել է ընդամենը մի քանի րոպե, բայցևայնպես 30 բնակավայրերում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես ընդհատվել է։

  • Կիսվել: