Գերմանիան պատրաստվում է հնարավոր պատերազմի. Bloomberg
Գերմանիան սկսում է իր քաղաքացիական ենթակառուցվածքները պատրաստել հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի բյուջեում միջոցների պակասին, հաղորդում է Bloomberg-ը։
Գերմանիայի` Բալթիկ ծովի ափին գտնվող Բրեմերհաֆենում՝ Եվրոպայի ամենամեծ նավահանգստում, որը մասնագիտացած է ավտոմեքենաների փոխադրման մեջ, իրականացվում է 1.35 միլիարդ եվրոյի արդիականացում։
«Պետության կողմից ֆինանսավորվող ներդրումը նախատեսված է բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկան, ինչպիսին է 60 տոննա կշռող «Լեոպարդ» տանկը, տեղափոխել ապագա առաջնագիծ», – հաղորդում է գործակալությունը։
Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այս նախագիծը Գերմանիայի կողմից հնարավոր պատերազմին լայնածավալ նախապատրաստությունների մի մասն է։ Գործակալությունը նշում է, որ Եվրոպայում ռազմական հակամարտության դեպքում Գերմանիան իր գտնվելու վայրի և արդյունաբերության շնորհիվ կզբաղեցնի ռազմավարական նշանակություն ունեցող դիրք։
Սակայն, ինչպես հաղորդում է գործակալությունը, բանակը չունի նախագիծն ինքնուրույն ֆինանսավորելու համար անհրաժեշտ ռեսուրսներ, ուստի Գերմանիայի իշխանությունները օգնության համար դիմում են մասնավոր հատվածին: Սակայն ընկերությունների հետ փոխգործակցությունը խոչընդոտվում է բարդ գործընթացների և կողմերի միջև անմիջական շփման բացակայության պատճառով:
Ապրիլին Գերմանիան պաշտոնապես հաստատեց իր առաջին ռազմական ռազմավարությունը։ Փաստաթղթում սահմանված է մինչև 2039 թվականը Եվրոպայում ամենաուժեղ բանակը ստեղծելու նպատակը։ Ռազմավարության մեջ Ռուսաստանը նշում է որպես «գլխավոր սպառնալիք»։


