ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գազայի հատվածում մեկ օրում 65 պաղեստինցի է զոհվել իսրայելական ռմբակոծությունների հետևանքով

Գազայի հատվածում մեկ օրում 65 պաղեստինցի է զոհվել իսրայելական ռմբակոծությունների հետևանքով

Գազայի հատվածում մեկ օրում 65 պաղեստինցի է զոհվել իսրայելական շարունակական ռմբակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Խան Յունիսի մոտակայքում իսրայելական անօդաչու թռչող սարքի՝ վրանին հարվածելու հետևանքով զոհվել են ընտանիքի հինգ անդամներ։

Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ բանակը շարունակում է իր օպերատիվ ճնշումը և հնարավորինս սեղմում է օղակը ՀԱՄԱՍ-ի շուրջ։ Զամիրը հավելել է, որ եթե պատանդներին վերադարձնելու հարցում առաջընթաց չգրանցվի, ապա ռազմական գործողությունների շրջանակը կընդլայնվի։

Վերջին օրերին նմանատիպ հայտարարություններ են հնչեցրել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը հրամայել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն և Շեյխ Զայեդ շրջանների բնակիչներին լքել բնակավայրերը։ 

Walla լրատվական կայքը հաղորդել է, որ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավարը մեկնում է Դոհա՝ քննարկելու պատանդների և Գազայում հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու վերաբերյալ հարցեր։ 

Գազայի հատվածում մարդասիրական պայմանները օրեցօր վատթարանում են շարունակվող շրջափակման պայմաններում, աճում են թերսնման դեպքերը, մասնավորապես՝ երեխաների շրջանում։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 18 հիվանդանոցներ ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 355 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 248-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: