Գազայի հարցում համաձայնագիրը կարող է շատ մոտ լինել. Թրամփ
ՆԱՏՕ-ի առաջնորդները Հաագայում անցկացված հանդիպման ժամանակ աջակցել են պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5 տոկոսին հասցնելու ծրագրին, ինչը նշանավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի հետ է «մինչև վերջ», և ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը փոխադարձ պաշտպանությանը՝ առայժմ վերացնելով ՆԱՏՕ-ի պայմանագրով կոլեկտիվ պաշտպանության պարտավորությունների նկատմամբ ԱՄՆ հանձնառության վերաբերյալ ցանկացած կասկած։
Բացի դրանից, խոսելով Մերձավոր Արևելքի մասին, Թրամփը նշել է, թե կարծում է՝ Գազայի հարցում համաձայնագիրը կարող է «շատ մոտ» լինել, քանի որ Իրանի վրա հարվածները կօգնեն ճանապարհ հարթել առաջընթացի համար։
Ինչ վերաբերում է Իրանին՝ Թրամփն ասել է. «Մենք հաջորդ շաբաթ կխոսենք Իրանի հետ. կարող ենք համաձայնագիր ստորագրել։ Ինձ որևէ համաձայնագիր չի հետաքրքրում, բացի միջուկայինից»։
Նա նաև հավելել է. «Շատ հաճելի էր, Իրանը մեզ զգուշացրեց, նոր հրթիռակոծեց մեր ռազմաբազան: Նրանք մեզ ասացին՝ կկրակենք ժամը 1-ին, լա՞վ է։ Ասացի, որ ամեն ինչ կարգին է։ Բոլորին դուրս բերեցին ԱՄՆ ռազմաբազայից, որպեսզի չվնասվեն»:
ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմը ավարտվել է։ «Չեմ կարծում, որ նրանք կվերսկսեն հակագրոհները»,-ասել է Թրամփը: