ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն

Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն

Գանսուի թռչող ձին, որը նաև հայտնի է «Վազող բրոնզե ձի» անուններով, 2-րդ դարում ստեղծված հինավուրց բրոնզե քանդակ է։ Արձանը կարելի է տեսնել Գանսուի նահանգային թանգարանում։

Գանսուի նահանգային թանգարանը  հայտնի է ինչպես Չինաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ իր հարուստ պատմությամբ, մշակութային արժեքների ընդարձակ և յուրահատուկ հավաքածուով։ Թանգարանի ֆոնդերում պահվում է 355 364 ցուցանմուշ։

Թանգարանի նոր ցուցասրահի բացումից հետո ներդրվել է ժամանակակից ցուցադրությունների կազմակերպման քաղաքականություն։ Մշակութային արժեքները ներկայացվում են ձայնային, լուսային և էլեկտրոնային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը ցուցադրությունները դարձնում է առավել տպավորիչ։

Այդ ցուցադրությունների ընթացքում տպավորիչ է հատկապես բրոնզե ձիու պատմությունը. «Վազող բրոնզե ձին» դարձել է թանգարանի խորհրդանիշը։ Արձանը ստեղծվել է շուրջ 2000 տարի առաջ։ «Վազող բրոնզե ձի» քանդակի բարձրությունը 34,5 սմ է, երկարությունը՝ 41 սմ, իսկ քաշը՝ 8 կգ։ Արձանի ամբողջ ծանրությունը հենվում է միայն բարակ աջ հետևի ոտքի վրա, ինչը վկայում է հին չինացի վարպետների բացառիկ ճարտարագիտական և գեղարվեստական վարպետության մասին։

Ձիու կեցվածքը, խրխնջյունն ու սրընթաց ընթացքը համարվում են չին ժողովրդի նախաձեռնողականության, վճռականության և հաստատակամության խորհրդանիշներ։ Բրոնզե ձին հայտնաբերվել է 1969 թվականին Գանսու նահանգի Ուուվեյ գավառում գտնվող հին զորավարի դամբարանում։ Պեղումների ընթացքում դամբարանից դուրս է բերվել 231 բրոնզե առարկա, որոնք հետագայում տեղափոխվել են Լանչժոուում գտնվող Գանսուի նահանգային թանգարան։

2002 թվականին Չինաստանի Մշակութային ժառանգության պետական վարչությունը «Վազող բրոնզե ձին» ներառել է երկրի առաջին կարգի 64 ազգային մշակութային արժեքների ցանկում։

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

  • Կիսվել: