չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
G7-ի երկրները Իրանին կոչ են արել չպաշտպանել ՀԱՄԱՍ-ին եւ «Հեզբոլլահին»

G7-ի երկրները Իրանին կոչ են արել չպաշտպանել ՀԱՄԱՍ-ին եւ «Հեզբոլլահին»

Յոթի խմբի երկրներն Իրանի իշխանություններին կոչ են արել չաջակցել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը եւ լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությանը։

«Մենք կոչ ենք անում Իրանին չաջակցել ՀԱՄԱՍ-ին եւ այն գործողություններին, որոնք կարող են ապակայունացնել Մերձավոր Արեւելքը, ներառյալ աջակցությունը լիբանանյան «Հեզբոլլահին» եւ ոչ պետական այլ ակտորների»,- նշվել է «յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա։

G7-ի երկրները Թեհրանին նաեւ կոչ են արել օգտագործել իր ազդեցությունը «այդ խմբավորումների վրա՝ տարածաշրջանային լարվածության թուլացման նպատակով»։

Իսրայելի իշխանությունները Իրանին բազմիցս մեղադրել են ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցության մեջ։ The Wall Street Journal թերթը նշել է, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը պլանավորել Իսրայելի վրա գրոհը, ինչպես նաեւ հավանություն է տվել գործողությանը Բեյրութում հոկտեմբերի 2-ի հանդիպման ժամանակ։ Պարբերականը վկայակոչել է ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչներին, Իրանի հանցակցության մասին տեղեկությունը հաստատել են նաեւ անունը չնշած եվրոպացի պաշտոնյան եւ Սիրիայի կառավարության խորհրդականը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չի ընդունել այս մեղադրանքները՝ նշելով, որ «դիմադրության ուժերն ինչպես Պաղեստինում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում անկախ են»։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելյան հակամարտության թեժացման հետեւանքների համար պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: