շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ֆրանսիայում ձախերին չի հաջողվել անվստահության քվե հայտնել վարչապետ Բայրուին

Ֆրանսիայում ձախերին չի հաջողվել անվստահության քվե հայտնել վարչապետ Բայրուին

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուին անվստահություն հայտնելու՝ «Անկոտրում Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չի ստացել։ Այս մասին հաղորդել է BFM TV-ն:

«Անհրաժեշտ մեծամասնություն ձեռք չի բերվել: Անվստահության քվեն ընդունված չէ», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն Պիվեն։

Անվստահության քվե հայտնելու համար անհրաժեշտ էր 289 ձայն, մինչդեռ «Անկոտրում Ֆրանսիայի» նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընդամենը 131 պատգամավոր։ Այսպիսով, Բայրուի կաբինետը մնում է իշխանության ղեկին։

«Անկոտրում Ֆրանսիա»-ն հունվարի 14-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ մտադիր է հասնել այն բանին, որ պատգամավորները վարչապետ Ֆրանսուա Բայրուին անվստահության քվե հայտնեն:

Այդ հայտարարություններից առաջ Բայրուն ելույթ էր ունեցել Ազգային ժողովի պատգամավորների առջև՝ հայտարարելով, որ կառավարությունը կզբաղվի կենսաթոշակային բարեփոխման վերանայմամբ, որը նախատեսում է կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: Վարչապետը նշել էր, որ եթե կենսաթոշակային հարցերով զբաղվող հանձնաժողովը մինչև աշուն համաձայնության չգա, ապա կենսաթոշակային բարեփոխումը գործողության մեջ կմնա իր ներկայիս տեսքով:

 

  • Կիսվել: