հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ֆրանսիայի ԱԳՆ-ն է կանչվել ԱՄՆ դեսպանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն է կանչվել ԱՄՆ դեսպանը

Կիրակի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ ԱԳՆ կկանչի Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Շարլ Կուշներին՝ անցյալ շաբաթ ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան ակտիվիստի սպանության վերաբերյալ նրա մեկնաբանությունների պատճառով, հայտնում է France24-ը:

«Մենք պատրաստվում ենք կանչել Միացյալ Նահանգների դեսպանին, քանի որ Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է այս ողբերգությունը... որը վերաբերում է ողջ ազգային հանրույթին»,- հայտարարել է Բարոն:

«Մենք մերժում ենք քաղաքական նպատակներով այս ողբերգության ցանկացած օգտագործում, որը սգի մեջ է գցել ֆրանսիական ընտանիքին,- ասել է Բարոն:- Մենք միջազգային հետադիմական շարժումից սովորելու բան չունենք, հատկապես բռնության հարցում»:

Ֆրանսիացի ծայրահեղ աջակողմյան ակտիվիստ Քվենտին Դերանկը ծեծի ենթարկվելով սպանվել էր ենթադրյալ ծայրահեղ ձախ արմատականների հետ կռվի ժամանակ. այս միջադեպը ցնցել է ողջ երկիրը:

Դերանկի սպանությունն ի հայտ է բերել քաղաքական խորը լարվածությունը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Շաբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդարտության կոչ է արել, երբ ծայրահեղ աջ խմբերի կազմակերպած երթին Լիոնում մոտ 3000 մարդ է միացել։

Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Պետդեպարտամենտի Հակաահաբեկչական բյուրոն հայտարարել են, որ հետևում են գործին՝ նախազգուշացնելով, որ «աճում է բռնի արմատական ձախ ծայրահեղականությունը», և այն պետք է դիտարկել որպես սպառնալիք հանրային անվտանգությանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ Սառա Ռոջերսը հայտարարել էր. «Եթե դուք որոշել եք մարդկանց սպանել իրենց կարծիքի համար՝ նրանց համոզելու փոխարեն, ապա դուք հրաժարվել եք քաղաքակրթությունից»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դատապարտել է «բռնի արմատական ձախ շարժման» դերը այս գործում:

Անցյալ շաբաթ Դերանկի սպանությունը դիվանագիտական հակամարտություն էր առաջացրել Ֆրանսիայի և Իտալիայի միջև, որի վարչապետ Ջորջիա Մելոնին ջերմ հարաբերություններ ունի Թրամփի հետ:

Մելոնին սպանությունն անվանել էր «վերք ողջ Եվրոպայի համար», ինչը դրդել էր Մակրոնին քննադատել նրան՝ Ֆրանսիայի ներքաղաքական հարցերին միջամտելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: