Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ է եղել Դուրովին ֆրանսիական քաղաքացիություն տալուն. Le Monde
Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունը դեմ է եղել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին 2021թ. ֆրանսիական քաղաքացիություն շնորհելուն, քանի որ կարծել է, որ նա չի բավարարում անհրաժեշտ չափորոշիչներին։ Այս մասին տեղեկացրել է Le Monde թերթը՝ հղում կատարելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրներին։
Մասնավորապես, դիվանագետները, որոնք քննել են Դուբայի ֆրանսիական հյուպատոսություն Դուրովի ներկայացրած խնդրանքը, կասկածներ են հայտնել այն առիթով, թե նա նպաստում է «Ֆրանսիայի իմիջի բարելավմանը»։ Թերթը նշել է, որ նրա քաղաքացիության հարցն «արդեն այն ժամանակ քաղաքականապես զգայուն էր», քանի որ մի քանի տարի շարունակ ԶԼՄ-ներում հրապարակումներ էին արվում նրա քննադատությամբ։ Ֆրանսիայի իշխանություններն անուշադիր չեն թողել նրա 2015թ. հայտարարությունը, երբ նա ասել էր, որ սոցիալիստների կառավարությունը «նույնքան պատասխանատու է [Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի համար], որքան եւ «Իսլամական պետությունը», քանի որ ֆրանսիացիների հարկերը ծախսել է «Մերձավոր Արեւելքում իզուր պատերազմների վրա» եւ միաժամանակ իր մոտ ստեղծել է Հյուսիսային Աֆրիկայի միգրանտների ապաստարան։
«Պատվավոր քաղաքացիության» շնորհման ընթացակարգն ինքնին քաղաքական է, գրել է թերթը։ Telegram-ի համահիմնադիրը խնդրանքն ուղարկել է հենց Ելիսեյան պալատ, այն բանից հետո, երբ 2018թ. հրավիրվել էր ճաշի Էմանուել Մակրոնի կողմից։ Մինչեւ վերջերս Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը չի հրապարակել այդ հանդիպման փաստը, սակայն այժմ այնտեղ հաստատել են, որ նրանց միջեւ «երկու կամ երեք հանդիպում է կայացել»։