Ֆրանսիական ավիակիրների խումբը շարժվել դեպի Ադենի ծոց` աջակցելու Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանը
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրների խումբը շարժվում է դեպի Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու առաքելությանը նախապատրաստվելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը:
Նշվել է նաև, որ ավիակիրների խումբն այսօր հատել է Սուեզի ջրանցքը՝ ուղևորվելով Կարմիր ծովի հարավային հատված։
Նավերի խումբը տեղակայվել է Միջերկրական ծովի արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելուց կարճ ժամանակ անց: Այն ծովում կարող է մնալ 4-5 ամիս։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են միանալ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանը, սակայն առաջատար դեր են ստանձնել Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու համար բազմազգ, բացառապես պաշտպանական առաքելության կազմակերպման գործում։
Հավելենք նաև, որ ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարճ ժամանակով դադարեցնում է Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը, որն սկսել էր երկու օր առաջ, որպեսզի համոզվի, թե արդյոք հնարավոր է Իրանի հետ համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու շուրջ: Նախագահ Թրամփը միևնույն ժամանակ հայտնել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի:
Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր խոստացել է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզով, «եթե դրանք հետևեն Թեհրանի սահմանած ընթացակարգերին», որոնք ուժի մեջ են մտել օրերս։ Դրանց համաձայն՝ նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է դա համակարգեն Իրանի հետ և նախապես թույլտվություն ստանան։


