երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ֆոն դեր Լայենը հայտնել է՝ ինչի համար կօգտագործվի Կիևին տրամադրվող ԵՄ վարկի առաջին մասնաբաժինը

Ֆոն դեր Լայենը հայտնել է՝ ինչի համար կօգտագործվի Կիևին տրամադրվող ԵՄ վարկի առաջին մասնաբաժինը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ 90 միլիարդ եվրո վարկի առաջին՝ 45 միլիարդ եվրոյի չափով մասնաբաժինն Ուկրաինային կտրամադրվի ընթացիկ եռամսյակի վերջին: Նրա ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

«Գարնանը մենք հայտարարեցինք, որ ցանկացած պարագայում կտրամադրենք 90 միլիարդ եվրոյի վարկը։ Հիմա մենք պահել ենք այդ խոստումը։ Այս եռամսյակում մենք կհատկացնենք 2026 թվականի առաջին՝ 45 միլիարդ եվրոյի մասնաբաժինը։ Դրա մեկ երրորդը նախատեսված է բյուջետային կարիքների համար, իսկ երկու երրորդը՝ Ուկրաինայի պաշտպանության համար», - ասել է նա։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ առաջին պաշտպանական փաթեթը նախատեսված կլինի «Ուկրաինայից Ուկրաինա» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, որի արժեքը կկազմի մոտավորապես 6 միլիարդ եվրո։

«Մեր ուղերձը հստակ է՝ մենք կշարունակենք մեր աջակցությունն ուկրաինացի խիզախ ժողովրդին և նրանց զինված ուժերին։ Մինչ Ռուսաստանը կրկնապատկում է իր ագրեսիան, Եվրոպան կրկնապատկում է Ուկրաինային իր աջակցությունը», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Վարկն Ուկրաինային կտրամադրվի երկու տարվա ընթացքում. Եվրամիությունը պլանավորում է 45-ական միլիարդ եվրո հատկացնել 2026 և 2027 թվականներին։

Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ վարկի տրամադրման մասին որոշման հետ մեկտեղ ընդունվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, որը «լուրջ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության համար»։

Վերջին մի քանի տարում Ուկրաինան ռեկորդային դեֆիցիտով բյուջե է ձևավորում։ Երկրի 2026 թվականի բյուջեն ընդունվել է 1,9 տրիլիոն գրիվնա (45 միլիարդ դոլար) դեֆիցիտով։

 

  • Կիսվել: