չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Flydubai-ի օդաչուներից մեկը փորձել է միտումնավոր ավիшաղետ ստեղծել. իսրայելական ԶԼՄ

Flydubai-ի օդաչուներից մեկը փորձել է միտումնավոր ավիшաղետ ստեղծել. իսրայելական ԶԼՄ

Էմիրաթական Flydubai ընկերության Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառ կարող էր դառնալ օդաչուներից մեկի կողմից գիտակցաբար ավիաաղետ ստեղծելու փորձը։ Նման պնդմամբ հանդես է եկել իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ հետաքննության առաջին տվյալները վկայում են այն մասին, որ օդաչուներից մեկը հանկարծակիորեն ինքնաթիռը ուղարկել է կտրուկ անկման։ Մոտ 10,000 մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռը կտրուկ իջել է մինչև 4,500 մետր։

14-րդ հեռուստաալիքի վարկածով՝ օդաչուն այս կերպ կարող էր փորձել ինքնասպանություն գործել։ Նրան խանգարել է խցիկում գտնվող մյուս օդաչուն, որը ֆիզիկական դիմակայության մեջ է մտել նրա հետ։ Մյուս օդաչուն կարողացել է իր ձեռքն առնել լայների կառավարումը և վերջին պահին փրկել այն կործանումից։ Երկու օդաչուների ծեծկռտուքի պահին էլ տրվել են ինքնաթիռում արտակարգ պատահարի և զավթման մասին ազդանշանները, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ։

Արդյունքում ինքնաթիռը, որում գտնվում էր շուրջ 180 ուղևոր, արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքի օդանավակայանում։ Flydubai ընկերությունը խոստացել է մոտ ժամանակներս այնտեղ ուղարկել պահուստային օդանավ, որպեսզի ուղևորներին հասցնի նշանակման վայր՝ Իսրայել։

Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքն ավելի վաղ պնդել էր, որ միջադեպի պատճառ է դարձել երկու օդաչուների միջև ծագած ծեծկռտուքը, որոնցից մեկը ռուս է, մյուսը՝ ուկրաինացի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող էմիրաթական Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է տվել։

Ըստ տեղեկությունների՝ օդաչուները փոխանցել են 7700 կոդը, որը ազդարարում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին, այնուհետև փոխանցվել է 7500 կոդը, որը հայտնում է ինքնաթիռի առևանգման մասին։ Դրանից հետո կապն ինքնաթիռի հետ կորել է։

  • Կիսվել: