ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եվրոպայում կարմրուկի բռնկում է

Եվրոպայում կարմրուկի բռնկում է

Եվրոպական երկրներում կարմրուկի դեպքերը վերջին մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան տասն անգամ։ Առողջապահական իշխանությունները  մարդկանց կոչ են անում պատվաստվել՝ այս խիստ վարակիչ հիվանդությունից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

2024-2025 թվականներին Եվրոպական միությունում, Իսլանդիայում, Լիխտենշտայնում և Նորվեգիայում հայտնաբերվել է կարմրուկի ավելի քան 32 000 դեպք, ինչը շատ զգալի աճ է 2023 թվականի համեմատությամբ, երբ գրանցվել էր կարմրուկի 2400-ից պակաս դեպք։ 

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից հայտնել են, որ առաջիկա ամիսներին կարմրուկի դեպքերի թիվը կշարունակի աճել։

Վերջին տարվա ընթացքում կարմրուկի դեպքերի մեծ մասը գրանցվել է Ռումինիայում (27 568), որին հաջորդում են Իտալիան (1097), Գերմանիան (637), Բելգիան (551) և Ավստրիան (542): Ռումինիայում հիվանդությունը խլել է 18 մարդու կյանք, Իռլանդիայում՝ 1։

Վարակված անձանց մեծ մասը՝ 86%-ը, պատվաստված չէին։ Նրանցից շատերը 4 տարեկանից ցածր երեխաներ էին։ 

Առողջապահական մարմիններն ասում են, որ հասարակության առնվազն 95%-ը պետք է լիովին պատվաստված լինի՝ կանխելու կարմրուկի բռնկումները և պաշտպանելու խոցելի մարդկանց, որոնք չեն կարող պատվաստվել, օրինակ՝ նորածիններին: Սակայն 2023 թվականին Եվրոպայում այդ շեմը հաղթահարել է միայն չորս երկիր՝ Հունգարիան, Մալթան, Պորտուգալիան և Սլովակիան։

Կարմրուկը առաջացնում է ցան, ջերմություն և հազ։ Ծանր դեպքերում այն կարող է հանգեցնել թոքաբորբի, էնցեֆալիտի և մահվան:

 

  • Կիսվել: