կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Եվրոպան կանխատեսելի է, ի տարբերություն այն երկրների, որոնք կարող են վնասել ձեզ՝ նույնիսկ առանց ձեզ տեղեկացնելու․ Մակրոն

Եվրոպան կանխատեսելի է, ի տարբերություն այն երկրների, որոնք կարող են վնասել ձեզ՝ նույնիսկ առանց ձեզ տեղեկացնելու․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը Ճապոնիա կատարած այցի ժամանակ բարձր է գնահատել Եվրոպայի «կանխատեսելիությունը»՝ այն հակադրելով այն երկրների հետ, որոնք «կարող են վնաս պատճառել ձեզ նույնիսկ առանց տեղյակ պահելու»։ Այդկերպ նա ակնհայտորեն ակնարկել է Դոնալդ Թրամփին, հայտնում է AFP-ն։

«Ես քաջ գիտակցում եմ, որ երբեմն Եվրոպան կարող է դիտարկվել որպես մի մայրցամաք, որն ավելի դանդաղ է զարգանում, քան մյուսները», - Տոկիոյում ճապոնացի գործարարների և ներդրողների առջև ունեցած ելույթում հայտարարել է Մակրոնը։ «Սակայն կանխատեսելիությունն արժեք ունի, և մենք դա ապացուցել ենք այս վերջին տարիների և, կհամարձակվեմ ասել, նույնիսկ վերջին շաբաթների ընթացքում։ Մենք այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք», - հավելել է նա։

Մակրոնը քննադատել է այն երկրներին, որոնք, իր խոսքով, «գործում են շատ ավելի արագ», քան իրենց դաշնակիցները, սակայն «դուք չգիտեք, թե արդյոք նրանք վաղը չէ մյուս օրը նույն դիրքում կլինեն, և արդյոք վաղը չեն ընդունի մի որոշում, որը կարող է վնասել ձեզ․ առանց այդ մասին տեղյակ պահելու»։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս դիտարկումն ակնհայտ ակնարկ է եղել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին և Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ Էներգակիրների ներկրման հարցում Ճապոնիան կախվածություն ունի Հորմուզի նեղուցից։

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը քննադատել է Ֆրանսիային՝ սոցիալական ցանցերում գրելով, որ Փարիզը «շատ անօգուտ» է եղել Իրանի հետ պատերազմի ժամանակ։

  • Կիսվել: